Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին ստեղծված իրավիճակի և մեր հետագա անելիքների հետ կապված: Նա իր խոսքում նշեց, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է, սակայն Պաշտպանության բանակը շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ: Հարությունյանը ընդգծեց, որ բարձր է գնահատում ՌԴ-ի և միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ:
Նա նշեց, որ վերջերս ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում, ինչից հետո հայտարարություն է արվել հումանիտար հրադադարի հաստատման և հետագայում բանակցությունները վերսկսելու վերաբերյալ: «Բայց հակառակը, օգտվելով առիթից՝ այդ հայտարարության հաջորդ օրվանից հակառակորդը սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ. «Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ առավելություններ ունենալ և օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ: Հասկանում ենք, որ ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրել զինադադար»,- նշել է նախագահը և հայտարարել, որ կողմ են առանց նախապայմանների հումանիտար հրադադար հաստատելուն և այնուհետև խաղաղ ճանապարհով բանակցությունները շարունակելուն:
«Չնայած հակառակորդն ընտրել է ոչ թե խնդրի լուծման ճանապարհը, այլ՝ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը և հետո, հաջողության դեպքում, նաև Հայաստանը, այդ ձեռագիրը մենք տեսնում ենք»: Արցախի նախագահը նշեց, որ մենք ավելի ծանր ժամանակներ ենք ունեցել 1992-94-ին, երբ մարտական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանում, Մարտունիում, Հադրութում, բայց միշտ հաջողվել է խախտել, որովհետև հավատում ենք հաղթանակի:
«Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, և որ ամենակարևորն է՝ մասնակցել մարտական գործողություններին: Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայատանում ապրող մեր եղբայրների, օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու և չպահելու»,- նշել է նախագահը և կարևորել իչպես նյութական օգնությունը, այնպես էլ ֆիզիկական մասնակցությունը Արցախի պաշտպանությանը. «Մենք դրա կարիքը զգում ենք, մենք հաղթելու ենք»,-եզրափակեց խոսքը Արայիկ Հարությունյանը: